Անտարկտիդայի աշխարհագրական դիրքը, ափագծերը
Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:
Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):
Միևնույն ժամանակ սա միակ մայրցամաքն է, որը չունի ծայրակետեր, քանի որ միակ ծայրակետը կարող է լինել հյուսիսայինը և եթե սահմանված լիներ, ապա կգտնվեր Անտարկտիկական թերակղզու վրա, որը մայրցամաքի միակ խոշոր և հայտնի թերակղզին է: Այն ուղղված է դեպի Հարավային Ամերիկան, որը Անտարկտիդային միակ մոտ մայրցամաքն է:
Աշխարհի ֆիզիկական քարտեզը և Անտարկտիդայի աշխարհագրական դիրքը դրանում

Անտարկտիդան Հարավային Ամերիկայից բաժանվում է Դրեյկի փոթորկոտ նեղուցով, որն ամենալայնն է աշխարհում, սակայն քիչ կիրառական իր անբարենպաստ աշխարհագրական դիրքի պատճառով:
Մի քանի մետրանոց ալիքները սովորական են Դրեյկի նեղուցում։
Անտարկտիդայի ափերի մոտ կարելի է հանդիպել մի շարք ծովերի, որոնք հիմնականում անվանակոչվել են այստեղ հասած ծովագնացների անուններով և տարվա մեծ մասը սառցածածկ են: Այսպես, Անտարկտիկական թերակղզու երկու կողմերում են գտնվում Ուեդդելի (Ատլանտյան օվկիանոսի տարածք) և Բելինսհաուզենի (Խաղաղ օվկիանոսի տարածք) ծովերը: Վերջինիս արևմտյան հարևաններն են Ամունդսենի և Ռոսսի ծովերը, իսկ մայրցամաքի՝ Անտարկտիկական թերակղզուն հակադարձ հատվածում է Համագործակցության ծովը:
Անտարկտիդայի ափերի մոտ կղզիները նույնպես քիչ են, իսկ Անտարկտիկայի սահմաններում միակ խոշորը Կերգելեն կղզիախումբն է Հնդկական Օվկիանոսի տարածքում:
Անտարկտիդա մայրցամաքի ափագծի քիչ մասնատված լինելը առաջին հերթին պայմանավորված է դրա հիմքում ընկած Անտարկտիկական հնագույն պլատֆորմով, որը զբաղեցնում է մայրցամաքի տարածքի մեծ մասը: Միևնույն ժամանակ դա է պատճառը, որ Անտարկտիդայի մակերևույթը հիմնականում հարթավայրային է կամ կազմված ցածր լեռներից: Միայն Անտարկտիկական թերակղզու և դրան հարակից գոտու տարածքն է գտնվում Խաղաղօվկիանոսյան Հրե Օղակ կոչվող գեոսինկլինալի գոտում, ինչի պատճառով այստեղ տիրապետող են բարձր լեռները: Մասնավորապես Անտարկտիկական թերակղզու տարածքում է գտնվում ամենախոշոր լեռնաշղթան՝ Անտարկտիկական Անդերը, որոնք իրենց անունը ստացել են հարևան Հարավային Ամերիկայի Անդյան լեռներից, քանի որ դրանց շարունակությունն են Անտարկտիդայի տարածքում: Այդ նույն ուղղության վրա է գտնվում նաև մայրցամաքի ամենաբարձր կետը՝ Վինսոն գագաթը (5140 մ), որն իր բարձրությամբ շատ քիչ է զիջում Մասիս լեռանը (5165 մ): Անտարկտիկական թերակղզու հարևանությամբ է գտնվում նաև մայրցամաքի գործող հրաբուխը՝ Էրեբուսը:
Ո՞րն է Անտարկտիդայի աշխարհում զբաղեցրած տեղը մեծությամբ մայրցամաքների շարքում։ Անտարկտիդան աշխարհում 5-րդ մայրցամաքն է։
Ինչու է Անտարկտիդան համարվում աշխարհի ամենացուրտ և քամոտ մայրցամաքը։ Քանի որ գտնվում է Երկրի ծայր հարավում, արևի ճառագայթները քիչ են տաքացնում, իսկ սառույցները ուժեղացնում են քամիները։
Ինչպիսի՞ն է Անտարկտիդայի աշխարհագրական դիրքը և որ օվկիանոսներով է շրջապատված։ Գտնվում է Հարավային բևեռում և շրջապատված է՝
Ատլանտյան օվկիանոս
Հնդկական օվկիանոս
Խաղաղ օվկիանոս
Ինչու՞ Անտարկտիդան համարվում է միակ մայրցամաքը, որը չունի ծայրակետեր։ Քանի որ ամբողջ մայրցամաքը գտնվում է հարավում, և միայն հյուսիսային ծայրակետ կարող էր լինել։
Որտե՞ղ է գտնվում Անտարկտիդայի միակ խոշոր և հայտնի թերակղզին, և ինչու է այն կարևոր։ Անտարկտիկական թերակղզին գտնվում է դեպի Հարավային Ամերիկա ուղղությամբ։
Կարևոր է, որովհետև դա մայրցամաքի ամենահայտնի և հասանելի հատվածն է։
Նշե՛ք Անտարկտիդայի և հարևան մայրցամաքների միջև գտնվող ամենալայն նեղուցը և այն՝ բնութագրեք։ Դրեյկի նեղուց – շատ լայն է և փոթորկոտ, ալիքները մեծ են։
Որո՞նք են Անտարկտիդայի ափերի մոտ գտնվող հիմնական ծովերը և ո՞ւմ անուններով են դրանք անվանակոչվել։ Ուեդդելի Բելինսհաուզենի Ամունդսենի Ռոսսի
Անվանակոչվել են ծովագնացների անուններով։
Ինչո՞ւ են Անտարկտիդայի ափերը քիչ մասնատված և ինչու՞ է նրա մակերեսը հիմնականում հարթավայրային։ Քանի որ ունի հին պլատֆորմ, դրա համար ափերը հարթ են և քիչ կտրտված։
Ո՞ր լեռնաշղթան է գտնվում Անտարկտիկական թերակղզում և ինչու է այն նման հարևան Հարավային Ամերիկայի Անդյան լեռներին։ Անտարկտիկական Անդեր – նման են Հարավային Ամերիկայի Անդերին, որովհետև դրանց շարունակությունն են։
Ո՞րն է Անտարկտիդայի ամենաբարձր լեռը։ Վինսոն գագաթ (5140 մ)

